Վիլյամ Սարոյան — «Հայրիկ, դու խենթ ես»

Վիլյամ Սարոյան — «Հայրիկ, դու խենթ ես»

Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է, մի անվերջ զրույց, որն ամեն օր ունենում են բոլոր ազգերի հայրերն ու որդիները:

Հայրը, որը գրող է, պատասխանում է որդու բոլոր հարցերին, հոգ է տանում որդու մասին, չի բարկանում, ոչինչ չի պարտադրում, այլ արդեն 10 տարեկան որդու հետ զրուցում է ինչպես հավասարը հավասարի ու փորձում բացատրել կյանքի ամենաբարդ բաները ամենապարզ բառերով: Մի օր Սարոյանի էս գործը քննարկելիս գրականագետ ընկերներիցս մեկն ասաց` Սարոյանը հեքիաթներ է պատմում բոլոր տարիքի մարդկանց համար, որովհետև հեքիաթը չկորցնելով միայն կարելի է պահպանել կյանքը:

…Քո կյանքում ոչինչ չպետք է լինի անպայման էսպես ու ոչ թե էնպես:

Հայրն իր օրինակով որդուն ցույց է տալիս, որ բարդ է լինել գրող և դժվարին է գրողի ճակատագիրը, սակայն ուզում է, որ իր որդին նույնպես վեպ գրի ու գրող դառնա: Հայրը փողի կարիք ունի, բայց դա չի չարացնում նրան և չի թողնում, որ փողի պակասը փչացնի իր և որդու հարաբերությունները: Նա ամեն ինչից ստեղծում է անթիվ–անհամար զբաղմունքներ, արկածներ և հետաքրքրություններ:

Պիտի ամեն ինչ զննես. հենց դա է գրող դառնալու ուղին:


…Գրողի համար անիմաստ է ապրել մի քաղաքում, որին նա սիրահարված չէ: …–Որովհետև ամեն մի լավ բան սիրելուց է ծնվում: Երբ գրողը սիրահարված է աշխարհին, կնշանակի սիրահարված է աշխարհում բոլորին և կարող է գրել, եթե լրջորեն աշխատի:


Մարդու ապրած ամեն մի օրը ինքնին պատմվածք է: Ասաց՝ դա Աստծուն ուղղված նամակի է նման: Եվ մարդիկ ամեն օր նամակ են գրում, միայն թե ոչ բառերով: Իսկ ով որ գրողի մասնագիտությունն է ընտրել, բառերով է գրում նրանց բոլորի համար ու բոլորի փոխարեն, բայց միևնույն է՝ հենց մարդկանց գրածն է իսկական պատմվածքը:

Ներբեռնեք գիրք «Հայրիկ, դու խենթ ես» — Վիլյամ Սարոյան