ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ — ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ


ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Կուզե՜ի, որ իմ խոսքըուղղած քեզ, հա՛յ երիտասարդություն, առաջին հաղորդության ազդեցությունն ունենար: Կուզե՜ի, որ քեզ համար գրված խորհրդածությանս այս էջերը ընդունեիր, ինչպես ծարավ դաշտը ցողն է ընդունում: Հոգեփոխել քեզ կուզե՜ի ճշմարտության ուժով, փրկել քեզ և քո միջոցով գաղութահայությունը կեղծիքի գերությունից: Եթե դու չես, թող խոստովանեմ գաղութներում միայն քեզ եմ հավատում, եթե չես կամ պիտ չդառնաս ճանապարհ փրկության մեր ժողովրդի համար, նրա համար կմնա մի հատիկ ճանապարհ՝ դեպի գերեզմանատուն: Եթե դու էլ պիտի նմանվես այն սերունդներին, որոնցից «մի բուռ հող» իսկ չի մնացել, օտարի լուծը և տառապանքը պիտ մնան քո ժողովրդի բաժինը: Որբ, գաղթական հայ անունները պիտ շարունակեն մնալ որպես նույնանիշ բառեր: Եվ պիտ երկարի խաչելության հոգեվարքը և ուշանա հարությունը ցեղիդ: Չէ՛, չէ՛, ես հավատում եմ քեզ, քո ներքին մարդուն և Հային: Հավատում եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտված և վրիժակ սերունդդյուցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պիտ դառնա Նոր Սպարտա Արևելքի սրտի մեջ: Ես հավատում եմ քեզ, և, ահա՛ թե ինչու եմ քեզ ուղղում իմ առաջին «Bon quart»-ը: Դա քառորդապահի իմ աղաղակն է ուղղված քեզ, աղաղակը, կանչը նավաստիների, որ գիշերներն իրար կուղղեն ամեն քառորդ ժամ: Bon quart! Խռովահույզ է ծովը, խավարը՝ անթափանց. վտա՛նգ, վտա՛նգ կա նավի համար: Սակայն, նավազներն արթուն են, պատրաստ և սթափ: Նավը ալեկոծ, բայց անսույզ պիտ հասնի նավահանգիստ: Այս խռով, խավար և նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ և իրական է վտանգը մեր ցեղի համար, քեզ, հա՛յ երիտասարդություն, ես քեզ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում:

Ներբեռնել գիրք